Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչը Ստրասբուրգում մասնակցել է տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտի հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Աշոտ Ադամյանը սեպտեմբերի 2-ից 5-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի և Team Cymru ընկերության կազմակերպած տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ստվերային տնտեսություն 2024» խորագրով միջազգային համաժողովին:
CyberEast+ ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային հեղինակավոր համաժողովին մասնակցում էին համակարգչային և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննությամբ զբաղվող իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև տվյալ բնագավառի առաջատար փորձագետներ և մասնագետներ աշխարհի ավելի քան 80 երկրներից:
Համաժողովին քննարկվել են համաշխարհային կիբեռհանցագործությունների մշտական աճի պայմաններում ի հայտ եկող մարտահրավերները, դրանց դեմ պայքարի արդյունավետ ուղիները, կիբեռկայունության, քրեական արդարադատության և էլեկտրոնային ապացույցների ներուժի ավելացմանն ուղղված գործողություններին առնչվող հարցեր՝ կիբեռհանցագործություններին համարժեք և պատշաճ արձագանքելու նպատակով:
Համաժողովի շրջանակներում Բյուրոյի ներկայացուցիչն առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Վրաստանի՝ տվյալ բնագավառում մասնագիտացած իրավապահների և փորձագետների հետ, որոնց հետ քննարկել է հետագա համագործակցության հետ կապված հեռանկարները: Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ միջոցառումներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման, փորձագետների գիտելիքների ու կարողությունների շարունակական կատարելագործման, Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին համապատասխան փորձագիտական հնարավորությունների զարգացման:
11 September 2024